ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՌՈՒՍ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՁԵՌՆՈՑ ԵՆ ՆԵՏՈՒՄ ՍԵՐԻԱԼԱՄՈԼՈՒԹՅԱՆԸ

ՌՈՒՍ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՁԵՌՆՈՑ ԵՆ ՆԵՏՈՒՄ ՍԵՐԻԱԼԱՄՈԼՈՒԹՅԱՆԸ
16.12.2011 | 00:00

Մշակութային փոխշփումների ակտիվացմանը պետության մասնաբաժնի կտրուկ հավելումը անթաքույց միտում ունի խթանելու քաղաքական երկխոսությունների արդյունավետությունը: Տարբեր ազգերի ստեղծագործական միտքն ու առօրյան միջպետական կապերի ամրապնդմամբ հարստացնելու մարտավարությունը ողջունելով` հայաստանցի արվեստասերներն արդարացիորեն տրտնջում են ընթացիկ միջոցառումների կազմակերպչական խոտանից:
Ամենից առաջ` անփութորեն կազմված ժամանակացույցից և հանրաճանաչման, ըստ էության, ձևական կարևորումից: Մերժելի այս աշխատաոճի հերթական ցցուն արտահայտությունը եղավ արգենտիական և ռուսական կինոշաբաթների միաժամանակյա անցկացումը «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում: Դեկտեմբերի 9-ից 15-ին անվճարունակ կինոսիրողներին միանգամայն մատչելի (ցուցադրությունների մուտքն ազատ էր) մշակութաժամանցն անփութորեն խաչաձևողները պարզապես անտեսել էին հանրային պատշաճ իրազեկումը: Այդպիսով, չի ստացվո՞ւմ, որ դրանք իրականում ձևական բնույթ են կրում և ի զորու չեն նպաստելու ո՛չ մշակութային խորթացման երկտասնամյա անջրպետի հաղթահարմանը, ոչ էլ քաղաքական նպատակասլաց փոխըմբռնման շուտափույթ կայացմանը: Այն հանգամանքը, որ համեմատաբար լեցուն էին արգենտինական կինոփառատոնի դահլիճները, ամենևին էլ պատճառաբանված չէր ներկայացվող ֆիլմերի տարաչափ գեղարվեստականությամբ: Պարզապես ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության աշխատակիցներն ավելի բարեխղճորեն էին զբաղվել իրենց նախաձեռնության տեղեկատվությամբ, չնայած ի զորու չէին եղել «համեմելու» կինոնախագիծը որակյալ ենթագրային թարգմանությամբ և ցուցադրվող կինոժապավեններում նկարահանված անվանի դերասանների կամ բեմադրիչների անմիջական մասնակցությամբ:
ՌԴ կինեմատոգրաֆիստների միության քարտուղար, կինոյի և թատրոնի «Ամուրյան աշուն» բաց փառատոնի նախագահ Սերգեյ Նովոժիլովի, «Ֆեստ-սինեմա» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Լոսի և Ռուսպետհամագործակցության հայաստանյան ներկայացուցիչ Վլադիմիր Կրիվոպուսկովի մասնակցությամբ անցկացված մամլո ասուլիսից հետո հանրածանոթ ռուս կինոգործիչները, կարելի է ասել, թողնվեցին իրենք իրենց հույսին: Ի՞նչ կա որ, ռուսաց լեզվի մեզանում դեռևս իսպառ չկորսված իմացությունը և հրավիրյալ կինոգործիչների բազմաշնորհ բարեկրթությունն ու պատասխանատվության նախանձելի զգացումը միանգամայն ապահովում էին կենդանի երկխոսության անվրեպ ընկալումը։ Առաջին երեք ֆիլմերի ցուցադրությունն ուղեկցվում էր հյուրերի կենսախինդ երգով ու քնարաշունչ ասմունքով: Արդեն հինգ կինոժապավեն հեղինակած Մարիա Մախանկոյի «Տղամարդկային կանացի խաղ» ոչ պարզունակ, զվարթ կինոկատակերգության քննարկումից պարզ դարձավ, թե ինչպիսի խելամիտ, ծրագրված պայքար են տանում ՌԴ արվեստագետները հանուն սնամեջ սերիալային գերարտադրության շուտափույթ կասեցման: Ընտանեկան կինոսրահի համար նախատեսված հեռուստատեսային մյուս, պատմական կինոժապավենները` «Կայսրության աստղը» (ռեժիսոր` Եվգենի Սոկոլով) և ըստ Կուպրինի վերջին վեպի էկրանավորված «Յունկերները» (բեմադրող ռեժիսոր` Իգոր Չեռնիցկի) հուշ դարձած ու այժմ հանիրավի քամահրվող ժամանակների` գաղափարապես հագեցած ու ընդօրինակման արժանի դրական հերոսներով հանրությանը, հատկապես մատաղ սերնդին ոգեշնչող մարդասիրական, բարի կինոնկարների կարոտով համակեցին ներկաներին: Ինչպես պատկերավոր արտահայտվեցին «Յունկերների» բանաստեղծ, երգիչ, կոմպոզիտոր գլխավոր դերակատարները` Չեռնիցկին և Նիկոլայ Ռոմանովը. «Արարատ բիբլիական լեռան վրա, ասես, երևաց խորհրդային կինոյի լեգենդ Սերգեյ Էյզենշտեյնի պայծառ ուրվապատկերը»: Մարդկային լավագույն հատկանիշներ սերմանող գեղարվեստական կինոժապավենների կարոտախտը թանձրացավ, երբ քանիցս Նիկոլայ Երկրորդին կինոյում կերպավորած ՌԴ վաստակավոր արտիստ Տիմոֆեյ Ֆեոդորովը բազմաթիվ ուշագրավ արխիվային փաստերով ինֆանտիլ կայսր Նիկոլայի և աշխարհահռչակ պարուհի Մաթիլդա Կշեսինսկայի ինտիմ իրական հանգամանքները պարզեց, որոնք հեքիաթայինի աստիճանի գունազարդված էին Սոկոլովի ֆիլմում, ում գլխավոր նպատակը իսկական սիրո դիտարժան մի նոր պատումով հանրահայտ անհատներին մարդացնելն է եղել: ՌԴ վաստակավոր արտիստուհի Մարինա Յակովլևան, ով 31 տարի առաջ էր եղել Հայաստանում «Սաշկա» ֆիլմի որոշ դրվագների նկարահանման առիթով, հայկական հյուրընկալությունից չափազանց շոյված, նույնպես երազում է հայ-ռուսական սերտ համագործակցության, «էյզենշտենյան տեսիլքի» վերստին նյութականացման մասին: Ափսոս, որ այդ երազանքի իրականացմանն ի պաշտոնե կոչված նրա հայաստանցի գործընկերներն անհաղորդ են մնում սիրված կինոհերոսուհիներից մեկի` «Մոսկովյան ասքի» Ագաշայի երգով իրենց հղված լավատեսական երգ-ուղերձի թափանցիկ ենթիմաստին. «Մենք դեռ միասին կպարենք սիրո այս վալսը` մաժորով»: Թվում էր, թե անցյալ ամռանը նույն Սերգեյ Նովոժիլովի հետ ունեցած գործնական հանդիպումով խանդավառված հայ կինեմատոգրաֆիստները «Հայաստանում ռուսական կինոյի շաբաթ» միջպետական նախագծի ընձեռած հնարավորությամբ պիտի ջանան առաջաքայլ անել վերականգնված կինոհամագործակցությունը գործնականում զարգացնելու ուղղությամբ: Որևէ կինոգործիչ ոտք չդրեց «Մոսկվայի տուն» հնգօրյա կինոցուցադրությունների ընթացքում: Բացառությամբ կինոսցենարիստ Արմեն Վաթյանի, ով «ոչ պաշտոնական այցով» էր մտերիմ արվեստակիցների հետ հաղորդակցվում: Հայ «գործընկերները» գեթ նախապես պիտի մտահոգված լինեին կինոսրահի վերածված դահլիճի տեխնիկական տանելի հագեցվածությամբ: Մինչդեռ, բազմազբաղ պատվարժան հյուրերի խնամքով ու ժամանցով, իսպառ մոռացության էին մատնել, որ նրանց հայաստանյան այցելության հիմնական բովանդակությունը կինոարվեստը պիտի լիներ: Հնգօրյա ցուցադրությունների 20-30 մշտական հանդիսատեսներն անվարան կվկայեն, թե որքան ուսանելի ու հետաքրքրաշարժ էին առաջին երեք կինոհանդիպումները: (Վերջին երկուսը, մեղմ ասած, իմաստավորող չկար, քանի որ «Իմ հայր Բարիշնիկովը» և «Չեմ ասի»-ն, ավաղ, զրկված էին ստեղծագործական խմբերի պատվիրակների սրտացավությամբ հանրաճանաչվելու բախտավորությունից:) Եվ, ամենակարևորը, իրենք էլ համալրեին փողատեր դիլետանտների բորբոքած հոգեսպանդի դեմ բարձր մշակույթի վերադարձի ջատագովների դեռևս պատշաճ չսպառազինված փոքրաթիվ, բայց մարտունակ ջոկատը: Ինչպե՞ս համամիտ չլինես Տիմոֆեյ Ֆեոդորովին. «Իշխանությունները, պետության միջոցներից սուղ հատկացումներ անելով կինոֆիլմեր նկարահանելուն, ամենևին մտահոգված չեն դրանց գովազդով, վարձույթով, հանրայնացմամբ: Մենք, փաստորեն, պարտաճանաչ հարկեր ենք վճարում, որպեսզի մեր աշխատած փողերը «լվանալու» մշտական հնարավորությունից չզրկենք նրանց, ամենաթարմ օրինակը Լուժկովի շքախմբի հայրենասիրության, մեկենասության իրական էության բացահայտումն է, ափսոս, գահընկեցության շեմին միայն»:
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ
Հ. Գ.- Դեկտեմբերի 20-ից 25-ին նախատեսված է անցկացնել «Իտալական կինոյի շաբաթ»: Տեսնես, այս հերթական կինոհնգօրյակի՞ն էլ նույն ճակատագիրն է սպառնում:

Դիտվել է՝ 1963

Մեկնաբանություններ